Խելացի սարքավորումների շնորհիվ այժմ հնարավոր է վերահսկել ամեն ինչ՝ լուսավորությունից և ջերմաստիճանից մինչև անվտանգություն՝ պարզ ձայնային հրամանների կամ վահանակների միջոցով:Բայց երբ խոսքը վերաբերում է ձեր կարիքների համար խելացի տան ճիշտ համակարգի ընտրությանը, լարային և անլար կապի միջև որոշումը կարող է դժվար լինել:
Լարային խելացի տուն
Լարային խելացի տան բոլոր սարքերը և տեխնոլոգիաները միմյանց և կենտրոնական կառավարման համակարգին միացված են ֆիզիկական մալուխների միջոցով։ Այս տարբերակում սարքավորումները սովորաբար տեղադրվում են շինարարության կամ վերանորոգման փուլում, քանի որ այդ դեպքում ավելի հեշտ է պատերի ներսում անցկացնել մալուխները։

Խելացի տան լարային տեխնոլոգիաների առավելությունները
Բարձր կայունություն և հուսալիություն
Լարային համակարգերը գրեթե չեն ենթարկվում խափանումների,ունեն մի քանի տարվա երաշխիք և չեն խոչընդոտում այլ սարքավորումների աշխատանքները։
Արագ և անխափան տվյալների փոխանցում
Մալուխներով տրամադրվող և փոխանցվող տվյալները շատ ավելի արագ և առանց ուշացման են տեղ հասնում, ինչը հատկապես շատ կարևոր է անվտանգության համակարգերի, տեսախցիկների կամ վիդեո հեռարձակման համար։
Անվտանգության բարձր մակարդակ
Մալուխային կապի փակ համակարգի շնորհիվ, այն գրեթե անհնար է կոտրել, ինչը զգալիորեն բարձրացնում է տվյալների պաշտպանվածությունը և անվտանգությունը։
Երկարաժամկետ լուծում
Լարային խելացի տեխնոլոգիաները ավելի դիմացկուն են և ծառայում են երկար։ Այս լուծումները հիմնականում ունենում են 15-20 տարվա երաշխիք, մինչդեռ անլար տեխնոլոգիաները արագ փոփոխվում են և պահանջում են թարմացումներ։
Անխափան աշխատանք առանց ինտերնետի
Լարային համակարգերը աշխատում են ներքին ցանցի միջոցով, ինչը թույլ է տալիս սարքերին աշխատել առանց ինտերնետի։
Շարունակական սնուցում և էներգաարդյունավետություն
Լարային խելացի տեխնոլոգիաները ստանում են էլեկտրական սնուցում անմիջապես համակարգից, ինչի շնորհիվ կարիք չկա մարտկոցների կամ հավելյալ լիցքավորման։
Խելացի տան լարային տեխնոլոգիաների թերությունները
Տեղադրման բարձր արժեք
Լարային մալուխները պետք է տեղադրվեն պատերի ներսում, ինչը նշանակում է լրացուցիչ ծախսեր շինարարության կամ վերանորոգման ընթացքում։
Մալուխների սահմանափակումներ
Մալուխները շատ դժվար են ընդլայնվում ,եթե ցանկանում եք տեղադրումից հետո փոփոխել կամ ավելացնել համակարգը, անհրաժեշտ է նոր մալուխներ անցկացնել, ինչը կպահանջի հավելյալ ժամանակ և կվնասի ձեր վերանորոգումը։Մալուխների վնասման պարագայում պետք է համակարգը քանդել և նորը ինտեգրել։
Երկարաժամկետ տեղադրում
Լարային տեխնոլոգիաների տեղադրումը և ինտեգրացիան պահանջում են երկար ժամանակ կայուն արդյունք ստանալու համար։
Ոչ էսթետիկ դիզայն (եթե պատշաճ կերպով ծրագրված չէ)
Եթե մալուխները ճիշտ չեն թաքցված և տեղադրված, կարող են փչացնել ինտերիերի տեսքը։
Անլար խելացի տուն
Խելացի տան անլար տեխնոլոգիաների դեպքում կարող եք կառավարել տան բոլոր սարքերը՝ առանց ֆիզիկական մալուխների տեղադրման։ Սա նշանակում է, որ լուսավորությունը, ջեռուցումը, անվտանգության համակարգերը և այլ խելացի սարքեր միանում են ինտերնետային ցանցի միջոցով՝ Bluetooth, Wi-Fi, Zigbee, Z-Wave կամ այլ անլար պրոտոկոլների օգնությամբ։Խելացի տունը կարող եք կառավարել հավելվածի,վիրտուալ օգնականի,վահանակների կամ խելացի կենտրոնի միջոցով։

Խելացի տան անլար տեխնոլոգիաների առավելությունները
Արագ և հեշտ տեղադրում
Անլար տեխնոլոգիաների տեղադրումը տևում է ամենաշատը մի քանի օր առանց տան դիզայնը վնասելու և մալուխներ անցկացնելու։ Սա հատկապես հարմար է վարձակալվող կամ արդեն վերանորոգման բնակարանների համար։
Ճկունություն և հեշտ փոփոխվող համակարգ
Եթե որոշեք տեղափոխվել նոր բնակարան կամ ընդլայնել խելացի սարքերը, անլար տեխնոլոգիան թույլ է տալիս առանց որևէ դժվարության փոփոխել դրանք, ինչպես նաև ձեր տան բոլոր տեխնոլոգիաները դարձնել խելացի։
Հեռակառավարում աշխարհի ցանկացած կետից
Wi-Fi-ի կամ բջջային հավելվածի միջոցով կարելի է կառավարել տան բոլոր սարքերը, անգամ եթե գտնվում եք տանից հեռու։
Էներգիայի կառավարում
Անլար խելացի տեխնոլոգիաների մեծ մասը աշխատում են մարտկոցով, ինչը նշանակում է, որ դրանք շարունակում են գործարկվել անգամ էլեկտրաէներգիայի անջատման կամ խափանման դեպքում։
Էսթետիկ դիզայն
Անլար տեխնոլոգիաները չեն պահանջում տեսանելի մալուխներ, ինչի արդյունքում ինտերիերն ավելի մինիմալիստական է՝ առանց ավելորդ լարերի։
Խելացի տան անլար տեխնոլոգիաների թերությունները
Կախվածություն ինտերնետից
Եթե ինտերնետը խափանվի, որոշ անլար սարքեր կարող են վատ աշխատել կամ կասեցնել աշխատանքը ։
Անհրաժեշտ է ճիշտ տեղադրում մաքսիմալ արդյունավետության համար
Թեև տեղադրումն ավելի արագ է, ոչ ճիշտ տեղադրված անլար սարքերը կարող են պարբերաբար խնդիրներ առաջացնել։
Մարտկոցների փոխարինման անհրաժեշտություն
Որոշ անլար խելացի տեխնոլոգիաներ աշխատում են մարտկոցներով, և անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոխարինել, ինչը կարող է փոքրիկ անհարմարություն պատճառել։
Հնարավոր է որոշ սարքերի ավելի կարճ շահագործման ժամկետ
Որոշ անլար սարքեր (օրինակ՝ Wi-Fi սենսորները կամ խելացի լամպերը) կարող են ունենալ ավելի կարճ շահագործման ժամկետ։
Այսպիսով, և՛ լարային, և՛ անլար համակարգերը ունեն իրենց առանձնահատկությունները և կիրառման մեթոդները։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիական առաջընթացը մեզ տանում է դեպի ավելի հարմարավետ, անլար լուծումներ, որոնք ապահովում են ամբողջական ավտոմատացում և կայուն օգտագործման համակարգ։ Ժամանակակից տենդենցները ցույց են տալիս, որ ապագան պատկանում է անլար տեխնոլոգիաներին, որոնք շարունակում են կատարելագործվել և ընդլայնվել՝ դարձնելով մեր կյանքն ավելի խելացի և հեշտ կառավարելի։